Նորություններ

2023-12-19
Բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնությունը պետք է հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաների համար․ Զավեն Քոլոյան
 Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում՝ Հրաչյա Ներսիսյան 10/7 հասցեում բացվեց «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 220 մահճակալով հագեցած, ՀՀ առողջապահության  երրորդ մակարդակի արժանացած այս բուժհաստատությունը իր աշխատանքի հիմքում ներդրել է համապարփակ, հասանելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։ Մեկամյակի կապակցությամբ «Ուիգմոր»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի հետ հարցազրույցը ստորև։ -  Զավեն, ինչպիսի՞ն էր ճանապարհը՝ 2017թ․-ին բացված «Ուիգմոր Քլինիք»-ից մինչև առանձին հիվանդանոց։ - Հետադարձ հայացք գցելով անցած տարիներին՝ չեմ սխալվի, եթե պատասխանեմ, որ, իրականում, անցած ճանապարհը չափազանց հեշտ էր․ այո՛, մի զարմացեք այս ձևակերպումից։ Պատճառը մարդիկ են, ովքեր հավատացին գաղափարին, կիսեցին «Ուիգմոր»-ի արժեքները, և միասին այս ճանապարհն անցանք։ Կառուցել բազմապրոֆիլ հիվանդանոց մի թիմի հետ, որը կիսում է գաղափարներդ, ունի նույն արժեհամակարգերը, գնահատում է բաց և համակարգային կառավարման մշակույթը, հեշտ է և ոգեշնչող։ - Կանանց և երեխաների հիվանդանոցի գաղափարն ինչպե՞ս ծնվեց․ շուկայի կամ ժամանակի թելադրա՞նք էր, թե՞ սեփական մասնագիտական, գուցե անձնական երազանք։   Չէի անվանի երազանք մի բան, որն ընդամենը պահանջում է կենտրոնացում, հետևողական աշխատանք և ռեսուրսների ճշգրիտ կառավարում։ «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի ստեղծումը, այո, և՛ շուկայի, և՛ ժամանակի թելադրանք էր։ Մինչ օրս մեր երիտասարդ պետությունը ձևավորել է պետության կենսագործելու համար պահանջվող բոլոր մինիմալ համակարգերն ու ինստիտուտները։ Եվ, կարծում եմ, հասել ենք զարգացման մի կետի, որտեղ այլևս մեծ ասելիք ունի որակը։ Այսօր միայն բարձր որակի ծառայություններ ստեղծելու շնորհիվ է հնարավոր շուկայում դիրքեր ամրապնդել․ սա ոչ միայն առողջապահության բնագավառին է վերաբերում։ - Անդրադառնալով հիվանդանոցի առաջին տարեդարձին՝ ո՞ր ձեռքբերումներով կամ կարևոր իրադարձություններով եք առավել հպարտանում: - Հպարտություն է տեսնել գաղափարակիցների բանակ, որն ամենօրյա քրտնաջան և կարգապահ աշխատանքով ապացուցում է, որ մեր երկրում նույնպես հնարավոր է բարձրորակ և առաջադեմ բժշկական օգնություն և ծառայություն մատուցել։ - Հաճախ խոսվում է «Ուիգմոր»-ի առաքելությունից՝ միջազգային նշաձող սահմանել Հայաստանի մանկաբուժական ոլորտում․ ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է «Ուիգմոր»-ի այս գաղափարը գործնականորեն արտահայտվում։     Մեր նպատակն է հենց մեր հայրենիքում զարգացնել բարձր որակի և ապացուցահեն բուժօգնություն՝ համաձայն բժշկական և հիվանդանոցային միջազգային չափանիշների և, որ չափազանց կարևոր է, հասանելի բոլոր երեխաների համար։ Այս նպատակով մեր գործունեության առաջին տարում մենք բազմաթիվ (6) նոր միջազգային համագործակցություն ենք հաստատել արտերկրի լավագույն բժշկական հաստատությունների հետ՝ փորձի փոխանակման և մեր բուժանձնակազմի շարունակական կրթության համար։ Իսկ պետպատվերի շրջանակում աշխատանքը մեր հիվանդանոցային և անհետաձգելի բուժօգնությունը հասանելի է դարձնում յուրաքանչյուր ընտանիքի համար։ - Գիտենք, որ վերջերս «Ուիգմոր»-ը շատ կարևոր և ոլորտի համար եզակի համագործակցություն է սահմանել․ կպատմե՞ք դրա մասին։ Ինչպե՞ս այն կայացավ։ Ի՞նչ դեր է այն խաղալու ընդհանուր մանկաբուժական ոլորտի, նաև հիվանդանոցի մասնագետների համար։ - Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ենք նախաձեռնել Արևմուտքի և ԱՄՆ լավագույն բուժհաստատությունների հետ՝ նոր գիտելիք և փորձառություն բերելով Հայաստան։ Նոյեմբերի 2-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց ԱՄՆ առաջատար մանկական հիվանդանոցներից մեկի՝ Valley Children’s healthcare-ի հետ՝ նպատակ ունենալով էականորեն բարելավել մեր երկրում մատուցվող առողջապահական ծառայությունների որակը։ Հայաստանյան մանկաբուժության ոլորտի համար սա եզակի իրադարձություն է․ միջազգային այս համագործակցությունը ներառում է բժիշկների շարունակական փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն, ինչպես նաև որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշների ներդրում Հայաստանի հիվանդանոցային կառավարման ոլորտում։ - «Ուիգմոր» երեխաների հիվանդանոցը սեպտեմբերին վերանվանվեց՝ ««Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոց», և ունի արդեն նաև կանանց առողջության հետ կապված համալիր ծառայություններ մատուցող բաժանմունք։ Նաև հայտնի է, որ պլանավորվում է ընդլայնել ծառայությունները և բացել ծննդատուն․ կպատմե՞ք ինչ ծառայություններ են լինելու ներկայացված։  - Աշխարհի զարգացած շատ երկրներում կանանց և երեխաների առողջությունը դիտվում է որպես կարևոր և շարունակական ամբողջականություն՝ առողջ կին, առողջ երեխա և առողջ հասարակություն սկզբունքով։ Այո, մոտ ապագայում կունենանք նաև արհեստական բեղմնավորման և ծննդօգնության ծառայություններ։ - Թեպետ հիվանդանոցը շատ երիտասարդ է, բայց արդեն ունի հավատարիմ հաճախորդներ, որոնք մշտապես հենց «Ուիգմոր»-ն են ընտրում․ կարծում ենք, նրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ կունենաք։  Այս մեկ տարվա ընթացքում մեր հիվանդանոցում ընդունել ենք շուրջ 72 հազար բուժառուի, հետևաբար, պատմությունները բազմաթիվ են։ Սակայն մեր նպատակն է ոչ թե հավաքել սեփական  պատմություններ, այլ «Ուիգմոր»-ում ունեցած անձնական փորձը դրական հիշողություն դարձնել հենց բուժառուների և նրանց ընտանիքների համար։ Հասարակության մեջ հիվանդանոցները այլևս չպիտի ընկալվեն մի միջավայր, որտեղ տիրում է վախի, անորոշության, անվստահության մթնոլորտը․․․ Մենք մեր աշխատանքով և ընտանիքակենտրոն մոտեցումով փոխում ենք այդ ընկալումները։ Հարցազորւյցի ամբողջական տարբերակը կարդացեք այս հղումով։
2023-11-28
Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից
Ուիգմորի օրթոպեդ-վնասվածքաբանները վերադարձել են ԱՄՆ-ի վերապատրաստումից «Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոց»-ի   մանկական  օրթոպեդ- վնասվածքաբաններ Յուրի Սիմոնյանն ու Դավիթ Սեկոյանը, և «Ուիգմոր Քլինիք»-ի օրթոպեդ   վնասվածքաբան   Մուշեղ   Վարժապետյանը   վերադարձել   են   ԱՄՆ կատարած   մասնագիտական   վերապատրաստման   մեծ   ճամփորդությունից, հետևյալ օրակարգով․   SMART կուրս (Surgical Management and Reconstructive Training) Ռիչլենդի օրթոպեդիկ կենտրոնում,   SIGN իմպլատների  կիրառման  տեսական  և  պրակտիկ  դասընթացներ   SIGN fracture care International-ում (Րիչլենդ),   SIGN   ինտրամեդուլյար   մեխերի   օգտագործումը   վիրահատական միջամտությունների ժամանակ վարպետության դասընթաց (Րիչլենդ),   Մասնակցություն   Վնասվածքաբանների   Ամերիկյան   Ասոցիացիայի կոնգրեսին՝ Սիեթլում,  Չորսշաբաթյա վերապատրաստում Սան Ֆրանցիսկոյի Վնասվածքաբանության ընդհանուր հիվանդանոցում։  Վերապատրաստման  ծրագիրը  Ուիգմորի  ավագ  խորհրդատու,  բժիշկ-օրթոպեդ Ֆրանսուա   Անթունյանի   և   Ուիգմոր   կանանց   և   երեխաների   հիվանդանոցի համատեղ  նախաձեռնությունն  է․  շարունակական  կրթական  ծրագրերի  շնորհիվ Ուիգմորի մասնագետները ծանոթանում և ակտիվորեն կիրառում են միջազգային առաջադեմ փորձառությունը։  «Շատ  տպավորված  եմ  Սիեթլի  Վնասվածքաբանների  Ամերիկյան  Ասոցիացիայի կոնգրեսից», - նշում է Դավիթ Սեկոյանը։  Սա  բարձր  մակարդակի  ակադեմիական իրադարձություն   է,   որտեղ   աշխարհի   առաջատար   մասնագետները ներկայացնում   են   իրենց   գիտական   աշխատանքները․   այս   համաժողովը մասնագիտական նորությունների և միտումների ահռելի և անգնահատելի ծավալ է»,   -   նշում   է   Դ․Սեկոյանը։   «Տպավորված   եմ   նաև   մեր   արտասահմանյան կոլեգաների  աշխատանքի  համակարգվածությունից  ու  կրթական  համակարգի լիարժեքությունից․ ԱՄՆ-ում ուսանողական  միջավայրն  այնպես  է  կառուցված, որ ուսանողը  ավարտում  է  այն  արդեն  որպես  կայացած,  ինքնուրույն  և  ինքնաբավ մասնագետ։»  Իր   հերթին   մանկական   օրթոպեդ-վնասվածքաբան   Յուրի   Սիմոնյանը   ևս փաստում   է,   որ   ամերիկյան   կրթական   համակարգը   շատ   է   տարբերվում հայկական իրականությունից․  «Տեսական պատրաստվածությունից զատ,  ԱՄՆ-ում   սովորող   ուսանողները կուրսից  կուրս  անցնելիս  պարտավոր  են  բարդագույն  քննություններ  հանձնել, գիտական   բարձր   մակարդակի   աշխատանք   կատարել   և   որոշակի քանակությամբ պրակտիկ վիրահատություններ իրականացնել, ինչը  նշանակում է,   որ   համալսարանից   դուրս   են   գալիս   արդեն   պատրաստի,   տեսական   և ամենակարևորը՝ պրակտիկ գիտելիքով զինված բժիշկներ, - նշում է Յ․ Սիմոնյանը։  
2023-11-03
Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը միջազգային նշաձող է սահմանում Հայաստանի մանկաբուժական ոլորտում
Մադերա (Կալիֆորնիա) – Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը և ԱՄՆ լավագույն մանկական բուժհաստատություններից մեկը՝ Valley Children’s Healthcare-ը հայտարարել են իրենց համագործակցության մասին․ շարունակական գործակցության համաձայնագրի նպատակն է միջազգային ստանդարտներ ներդնել Հայաստանի մանկաբուժական առողջապահության ոլորտում։ Հուշագիրը ենթադրում է հայ և ամերիկացի բժիշկների շարունակական երկուստեք փորձի փոխանակում, բուժքույրական կրթություն և վերապատրաստում, որակի և հիվանդների անվտանգության արձանագրությունների մշակում, ինչպես նաև օրդինատուրայի ծրագրերի և համատեղ հետազոտական ջանքերի շուրջ համագործակցություն: «Ուիգմորի և ընդհանրապես Հայաստանի մանկաբուժական ոլորտի համար պատմական այս հուշագիրը նոր նշաձող է սահմանում բոլորիս համար», – նշում է Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի տնօրեն բժիշկ Զավեն Քոլոյանը։ Ըստ նրա խոսքերի՝ Ուիգմորն ու Valley Children’s-ը միավորում են միևնույն տեսլականն ու արժեքները, որոնց հիմքում է համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթը։ «Միացյալ Նահանգների առաջատար առողջապահական հաստատության հետ համագործակցության այս հուշագրի կնքումը վերահաստատում է Ուիգմորի առաքելությունը՝ վերափոխել մանկական առողջապահությունը, համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտ՝ սահմանելով որակի և խնամքի միջազգային չափանիշներ», - նշում է Զավեն Քոլոյանը։ Իր հերթին, Valley Children’s Healthcare-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոդ Սունտրապակը իր երախտագիտությունն է հայտնում Ուիգմորի թիմին համագործակցությունը հաստատելու համար։ «Համագործակցության հուշագրի ստորագրումը մեր հարգանքի տուրքն է երկու բուժհաստատության ընդհանուր արժեքների՝ գործնական դաշտում արտահայտմանը․ ԱՄՆ մանկական բուժօգնության փորձառությունը, Valley Children’s-ի 70-ամյա փորձն ու ժառանգությունը հայ մասնագետների հետ կիսելու հնարավորությունը, ինչպես նաև նման համագործակցության պրակտիկ չափելիությունը մեզ համար կարևոր ու անգնահատելի են», – նշել է Թոդ Սունտրապակը։ Ավելի վաղ, Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի բժիշկների արդեն երկրորդ խումբը մեկնել էր Valley Children's մասնագիտական փորձի փոխանակման մանկաբուժության, մանկական վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտներում: *** Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը, ՀՀ, Երևանում տեղակայված 220 մահճակալներով հագեցած առողջապահական հաստատություն է, որի աշխատանքի հիմքում երեխաների և կանանց համապարփակ, մատչելի և բարձրորակ առողջապահական ծառայություններ մատուցելու մշակույթն է։ Ընդունելով ընտանիքներ հանրապետության ողջ տարածքից՝ Ուիգմորը տրամադրում է միջազգային ճափանիշներին համապատասխան ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտացված մանկաբուժական, ինչպես նաև կանանց առողջապահական ծառայությունների լայն շրջանակ: Ուիգմորի առաքելությունն է նպաստել Հայաստանի առողջապահական ոլորտի համակարգային փոփոխություններին, վերափոխելով մանկական առողջապահությունը, սահմանել որակի և խնամքի միջազգային չափանիշներ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտի անփոխարինելի հիմնաքարերից: ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 3350-Ա որոշման համաձայն՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցն արժանացել է մանկական խնամքի երրորդ բարձրագույն աստիճանի։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.wigmore.am կայք։ *** Valley Children’s Healthcare ԱՄՆ կենտրոնական Կալիֆորնիայի մանկական առողջապահական բարձրորակ և համապարփակ խնամքի ծառայությունների մատակարար է։ Հիվանդանոցն ապահովում է մասնագիտացված բժշկական և վիրաբուժական ծառայություններ, ունի 358 մահճակալ կարողություն: Valley Children’s Healthcare-ն իր տարածաշրջանի առաջին բուժ. հաստատությունն է, որ ստացել է Magnet Nursing՝ աշխարհի ամենաբարձր բուժքույրական հենանիշը։ 2023թ. Valley Children’s-ը ԱՄՆ-ի խոշորագույն՝ U.S. News and World Report մեդիա ընկերության կողմից հերթական անգամ ճանաչվել է որպես երկրի լավագույն մանկական հիվանդանոցներից մեկը՝ մանկաբուժական յոթ մասնագիտություններով: Իր 3500 աշխատակիցներով Valley Children’s-ը բարձրորակ, համապարփակ խնամք է տրամադրում կենտրոնական Կալիֆորնիայի ավելի քան 1,3 միլիոն երեխաների։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.valleychildrens.org:    
2023-09-07
Հրաշալի նորություն
Հրաշալի նորություն  Մեծ ուրախությամբ և հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մենք մատուցում ենք բժշկական ծառայություններ նաև կանանց համար և այսուհետ կոչվում ենք «ՈՒԻԳՄՈՐ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ»   Հավատարիմ մնալով մեր զարգացման տեսլականին և արժեքներին՝ մենք առաջարկում ենք կանանց առողջության նորարար  մոտեցումներ՝ օգտագործելով նորագույն սարքավորումներ և հոգատար վերաբերմունք։  Մանրամասները՝ շուտով։ Ուիգմոր․ հիվանդանոց, որ սիրտ ունի։ 
2023-08-16
Շնորհակալ ենք աջակցության համար
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ջանքերով մեր բուժառուներից մեկը հնարավորություն ունեցավ ստանալ շատ թանկարժեք դեղորայք, որի 1 գրամը 50.000 դրամ արժի։ Երեխային այս դեղորայքը պետք էր 30 գրամի չափով։ Անչափ շնորհակալ ենք հիմնադրամին արագ արձագանքելու և օգնության ձեռք մեկնելու համար։ Այս քայլը շատ արժեքավոր էր փոքրիկի առողջության համար։
2023-07-11
Ուիգմոր` երրորդ մակարդակի հիվանդանոց
 Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2023թ․ հուլիս 6-ի No 3350–Ա հրամանի՝ «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնին շնորհվել է երրորդ մակարդակ։ Երրորդ մակարդակ հիվանդանոցին շնորհվում է, եթե վերջինս․ Ենթակառուցվածքների և առաջարկվող ծառայությունների առումով համապատասխանում է սահմանված ամենաբարձր մակարդակին: Կարող է կազմակերպել ծանր ընթացքով, ինչպես նաև հազվադեպ հանդիպող, քրոնիկ հիվանդությունների վարումը:    Ունի սանավիացիայի ծառայություն, և ապահովում է ծանր, վերակենդանացման միջոցառումներ և հսկողություն պահանջող հիվանդների տեղափոխում մարզերից Երևան։ Սա պետության արժանի գնահատականն է մեր թիմին, ով մշտապես մեծ պատասխանատվությամբ կատարում է իր աշխատանքը։